Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում վաղը Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին»։ Կայանալիք հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մրցակցի գլխավոր մարզիչ Էնդի Մորիսոնը պատասխանել է լրագրողների հարցերին։
Առաջին խաղից տպավորությունները
«Ալաշկերտի» շատ խաղեր էինք դիտել։ Շատ տպավորված եմ թիմի խաղով։ Կառանձնացնեմ թիմի 3 նորեկներին՝ բրազիլացի ձախ կիսապաշտպանին (Սանթոսին), պորտուգալացի հարձակվողին (Էմբալոյին) և ռուս ֆուտբոլիստին (խոսքը՝ Դավիթ Խուրցիձեի մասին է):
Մենք առաջին խաղում բացականեր ունեինք կապված քովիդի ու վնասվածքների հետ, բայց նրանք այս խաղում արդեն կվերադառնան։ Ու ակնկալում ենք, որ ավելի ուժեղ կլինենք։
Վաղվա խաղի մասին
Դժվար խաղ է սպասվում։ Բայց առաջին խաղում տեսանք, որ կարող ենք գոլ խփել։ Նախապատրաստական շրջանում դժվարություններ ենք ունեցել՝ քովիդի հետ կապված շատ դեպքեր ենք ունեցել։ Միայն մեկ խաղ ենք անցկացրել նախապատրաստական փուլում։ Սա 3-րդ խաղն է լինելու, հուսով եմ՝ խաղից խաղ կլավացնենք։ Ամեն ինչ պարզ կլինի վաղը։
Երևանի եղանակի մասին
Այո, այս եղանակային պայմաններին սովոր չենք ու այն կարող է խնդիրներ ստեղծել, բայց ընդամենը մեկ խաղի համար պիտի ադապտացվենք այս պայմաններին։ Մեկ խաղում ամեն ինչ հնարավոր է։ Խնդիր կլիներ, եթե տասը խաղ ստիպված լինեինք անցկացնել այս պայմաններում։ Այնպես որ կպայքարենք մեր ուժերի չափով։
Վիճակահանության մասին
Երբ վիճակահանությունը եղավ, տպավորություններս դրական էին, քանի որ խուսափեցինք «Մալմյոյի» ու «Լյուդոգորեցի» նման թիմերին հանդիպելուց։ Բայց հետո, երբ ավելի մանրամասն ուսումնասիրեցինք «Ալաշկերտի» կազմը, տպավորություններս մի քիչ փոխվեցին։ Նույնը տեսանք նաև խաղադաշտում, «Ալաշկերտը» բարձր խաղամակարդակ ուներ, մեր առաջնությունում նման խաղամակարդակի սովոր չէինք։ Եվրոպական մրցասպարեզում շատ է եղել, սակայն, որ մենք մրցակցից թույլ լինենք, բայց հաղթելու ճանապարհ գտել ենք։ Հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով, շատ թիմեր նման կորուստների դեպքում կպարտվեին, բայց մենք կարողացանք ոչ-ոքի կորզել։