Մայիսի 3-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՖԻՖԱ-ի Հիմնադրամի համատեղ «ՖԻՖԱ-ի Հիմնադրամի Ճամբար-Հայաստան 2021» ծրագիրը։ Հայաստանը ՖԻՖԱ-ի Հիմնադրամի կողմից ընտրվել է որպես ծրագիրն իրականացնող առաջին երկիր։ Ծրագրի շրջանակում ՀՖՖ տեխնիկական կենտրոնում կանցկացվի 7-օրյա ճամբար՝ անապահով ընտանիքների, ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող երեխաների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և Արցախից տեղահանված ընտանիքների՝ նախապես ընտրված 12-14 տարեկան 100 երեխաների համար։ Ծրագրի առաջին օրը մասնակից երեխաները ժամանել են ՀՖՖ տեխնիկական կենտրոն, անցել բուժզննում և ստացել «ՖԻՖԱ Հիմնադրամի» կողմից տրամադրած համազգեսն ու նվերները։
Ծրագրի իրականացման մեծապես նպաստել է լեգենդար ֆուտբոլիստ, ՖԻՖԱ հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջորկաեֆֆը: Ջորկաեֆֆը նշեց, որ առաջարկվել է ծրագրի մեկնարկային կետ ընտրել Հայաստանը: ՀՖՖ նախագահի հետ նրանք ուսումնասիրել են պայմաններն ու եկել ընդհանուր հայտարարի: Լեգենդար ֆուտբոլիստը նշում է, որ ճիշտ է՝ մրցաշարը մեկնարկում է Հայաստանում, բայց առաջիկա ամիսների ընթացքում տարբեր երկներում ևս տրվելու է մրցաշարի մեկնարկը:
Ծրագիրը շարունակական է լինելու ամեն տարի: Ծրագրին ներգրավված է նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, այն պաահովում է կրթական մասը: Փակումը կլինի մայիսի 9-ին: Այդ օրը ֆուտբոլային խաղը կկայանա հանրապետական ստադիոնում, որի ընթացքում սպասվում են նաև անակնկալներ: