Եվս 2 օր և ֆուտբոլը նորից կվերադառնա մեր մարզադաշտեր: Հուլիսի 9-ից մեկնարկում են եվրագավաթային խաղարկությունների որակավորման փուլերը: Մեր թիմերը նախապատրաստական վերջին շտրիխներն են անում, իսկ ArmSport.am-ն ուշադրության կենտրոնում է պահում իրադարձությունների ընթացքը:
Երևանի «Փյունիկի», Գյումրու «Շիրակի» նախկին հարձակվող Վիուլեն Այվազյանն ArmSport.am-ի համար վերլուծել է մեր թիմերի մրցակիցներին, գնահատել մերոնց շանսերը, առանձնացրել եվրագավաթային խաղերում իր անհատական ձեռքբերումներից ամենակարևորը, ինչպես նաև կատարել առաջիկա խաղերի կանխատեսում:
Այվազյանը 2013-ին՝18 տարեկանում, դարձավ եվրագավաթներում գոլ հեղինակած ամենաերիտասարդ հայ ֆուտբոլիստներից մեկը, «Փյունիկի» լավագույն ռմբարկուն՝ 3 գոլով, որակավորման 1-ին և 2-րդ փուլերում խփած 3 գոլերով հայտնվեց եվրագավաթներում հայ ռմբարկուների 5-յակում, ինչպես նաև դարձավ միևնույն թիմին 2 գոլ խփած 8-րդ ֆուտբոլիստը: Ընդ որում, «Փյունիկի» նախկին հարձակվողը երկրորդ հայ ֆուտբոլիստն է, որի խփած այդ 2 գնդակների շնորհիվ է թիմը հաղթահարել առաջին փուլի արգելքը:
Հայկական 4 թիմ պատրաստվում է երվրագավաթային խաղերի: Ըստ Ձեզ՝ մերոնք ինչ շանսեր կարող են ունենալ առաջիկա դիմակայություններում:
— Նախ, ուզում եմ շնորհավորել բոլոր թիմերին և ցանկանալ հաջող ելույթներ Եվրոպա լիգայի ու Չեմպիոնների լիգայի խաղարկություններում:
«Արարատ-Արմենիան» առաջին փուլում կմրցի շվեդական ԱԻԿ-ի հետ: Եվրոպա լիգայի շրջանակներում խաղացել եմ այդ թիմի դեմ, կարող եմ ասել, որ շատ հզոր թիմ է՝ թե՛ երիտասարդ, թե՛ փորձառու ֆուտբոլիստներով: Թիմում տեղի են ունեցել փոփոխություններ: Նրանց կազմում կառանձնացնեմ Հենոկ Գոյտոմին. շատ փորձառու և բարձր որակներով օժտված հարձակվող է ու մեծ վտանգ է ներկայացնում հատկապես տուգանային հրապարակի մատույցներում: «Արարատ-Արմենիան» ևս ունի համալրումներ, պարզապես այստեղ կարող է խանգարող հանգամանք լինել խաղակցվածության խնդիրը, քանի որ նոր ֆուտբոլիստները բավականին ուշ միացան թիմին: Ամեն դեպքում, կարծում եմ, որ «Արարատ-Արմենիային» շատ դժվար կլինի հաղթահարել ԱԻԿ-ի արգելքը:
«Ալաշկերտը» մրցելու է «Մակեդոնիա Սկոպյեի» հետ: Իմ կարծիքով, միանշանակ հաղթահարելի արգելք է երևանյան թիմի համար, և «Ալաշկերտը» կկարողանա անցնել հաջորդ փուլ:
«Փյունիկը» ևս մրցելու է մակեդոնական թիմի՝ «Շկուպիի» հետ: Կարծում եմ՝ մեր թիմը մի փոքր առավելություն ունի այս դիմակայությունում: «Շկուպին» վերջին մրցաշրջանում 4-րդ հորիզոնականն է զբաղեցրել, և նայելով մրցաշարային աղյուսակին՝ երևում է, որ թիմը շատ քիչ գոլեր է խփում: Կարծում եմ՝ Գյումրիում հաջող խաղի ու դարպասն անառիկ պահելու դեպքում «Փյունիկի» շանսերը կտրուկ կբարձրանան պատասխան խաղից առաջ:
«Բանանցին» բաժին է հասել ամենաբարդ մրցակիցը: «Չուկարիչկին» երիտասարդ ու փորձառու ֆուտբոլիստներով համալրված շատ հզոր թիմ է, շատ հաջող են հանդես գալիս թե սեփական հարկի տակ, թե արտագնա խաղերում: Կարծում եմ, որ «Բանանցի» շանսերը շատ ցածր են այս դիմակայությունում դրական արդյունքի հասնելու համար:

— Ըստ էության, ամենածանր կացության մեջ են «Արարատ-Արմենիան» ու «Բանանցը»: Մեր չեմպիոնը եվրագավաթային խաղերի փորձ էլ չունի: Այս թիմերն ինչի՞ հաշվին կարող են հաջողության հույս ունենալ:
— «Արարատ-Արմենիան»՝ որպես թիմ, ճիշտ է, փորձ չունի, բայց թիմում հանդես եկող ֆուտբոլիստների մեծ մասն ունեն եվրոպական ակումբներում և իրենց ազգային հավաքականներում խաղալու մեծ փորձ: Կարծում եմ, այս դեպքում եվրագավաթների փորձ չունենալը չի խանգարի «Արարատ-Արմենիային»: Պարզապես շատ կարևոր է Երևանում կայանալիք խաղը. պետք է հաջող հանդես գալ սեփական հարկի տակ և հնարավորության դեպքում «չոր» հանդիպում անցկացնել:
«Բանանցի» դեպքում մի քիչ այլ է, քանի որ այստեղ թիմերի միջև որակների տարբերությունն ավելի ակնհայտ է. սերբական թիմը կարգով ավելի բարձր է: «Բանանցը», կարծում եմ, պետք է փորձի առավելագույնս հավաքված և կենտրոնացված իրացնել բոլոր այն պահերը, որ կունենա խաղի ընթացքում, քանի որ նման մրցակցի դեմ շատ կարևոր է օգտագործել ունեցած ցանկացած գոլային հնարավորություն, որոնք, հարկե, կարող են այդքան էլ շատ չլինել:
— «Փյունիկի» կազմում Եվրագավաթային խաղերում Դուք մեծ դերակատարություն եք ունեցել:
Ըստ Ձեզ՝ թիմում այսօր շատ են այնպիսի խաղացողները, ովքեր առաջիկա դիմակայությունում կկարողանան հարցեր լուծել:
— Շատ լավ հիշողություններ ունեմ «Փյունիկի» կազմում անցկացրած եվրագավաթային հանդիպումներից: Չնայած, որ պետք էր դեռ այն ժամանակ հաղթահարել «Ժալգիրիսի» արգելքը 2-րդ փուլում: Այն ժամանակ նույնպես մենք թիմում ունեինք խաղացողներ, հանձինս Վարազդատ Հարոյանի, Դավիթ Մանոյանի, Աղվան Պապիկյանի և այլոց, որոնք իրենց անհատական որակների հաշվին կարող էին հարց լուծել կոնկրետ իրավիճակներում ու նաև վճռել դիմակայության ելքը: Հիմա էլ «Փյունիկում» կան ֆուտբոլիստներ, որոնք օժտված են բարձր որակներով և կարող են մեծ դեր ունենալ դիմակայության արդյունքում թիմի հաջողության մեջ: Կառանձնացնեմ Էրիկ Վարդանյանին, Սերգեյ Շևչուկին և Անդրիա Դրագոևիչին: Կարծում եմ՝ այսօր նրանց խաղից շատ բան է կախված «Փյունիկում»:

— Եվրագավաթներում մի քանի անհատական ձեռքբերումներ ունեք: Դրանցից հատկապես ո՞րն է Ձեզ առանձնակի ոգևորել:
— Կոնկրետ եվրագավաթներում ինձ համար նշանակալի ձեռքբերում էր, երբ իմացա, որ այն եզակի ֆուտբոլիստներից եմ, որի՝ սեփական հարկի տակ և հյուրընկալվելիս խփած գոլերից հետո հայկական թիմը եվրագավաթային փուլ է հաղթահարել (Վիուլեն Այվազյանը 2013-ին 2 անգամ գրավել է մակեդոնական «Տետեքսի» դարպասը՝ օգնելով «Փյունիկին» 2-1 հաշվով հաղթել դիմակայությունը՝ հեղ.): Եթե չեմ սխալվում, մինչ այդ միայն Արամ Հակոբյանին էր հաջողվել գոլ խփել դիմակայության երկու խաղերում և թիմին դուրս բերել հաջորդ փուլ:
— Ըստ Ձեզ՝ այս թիմերում կա՞ն այնպիսի խաղացողներ, ովքեր կկարողանան կրկնել կամ մոտենալ այդ արդյունքներին:
— Դժվարանում եմ ասել: Բայց ինձ թվում է, որ այս պահին բոլորի համար էլ շատ ավելի կարևոր է թիմային հաղթանակը, և բոլորն էլ իրենց ուժերը ներդնելու են այդ ամենն իրագործելու համար:
— Ինչ-որ կանխատեսումներ ունե՞ք առաջին փուլում մեր թիմերի արդյունքների վերաբերյալ:
— Կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, բայց ես ամեն դեպքում կփորձեմ: Եթե խոսենք հաշիվների տեսքով, կարծում եմ՝ կգրանցվեն հետևյալ արդյունքները՝ «Արարատ-Արմենիա» — ԱԻԿ՝ 1-1, «Փյունիկ» — «Շկուպի»՝ 1-0, «Ալաշկերտ» — «Մակեդոնիա»՝ 2-0, «Բանանց» — «Չուկարիչկի»՝ 0-2:
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» Երևանում ԱԻԿ-ին կընդունի հուլիսի 9-ին: «Փյունիկը», «Ալաշկերտը» և «Բանանցը» ԵԼ որակավորման փուլի իրենց առաջին խաղերը կանցկացնեն հուլիսի 11-ին:
Հռիփսիմե Գալստյան