«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ԱՊԼ 26-րդ տուրում «Սաութհեմփթոնի» դեմ տարած նվազագույն հաշվով հաղթանակից հետո խոսել է մրցաշարային աղյուսակում իր թիմի դիրքից։ «Էվերթոնը» 6-7 տեղերը կիսում է «Լիվերպուլի» հետ, բայց մի խաղ պակաս է անցկացրել։
«Մենք թոփ-4-ում հայտնվելու հիանալի հնարավորություն ունենք ու կցանկանայինք հասնել այդ դիրքին։ Հինգշաբթի օրը պիտի բոլոր ջանքերը գործադրենք «Վեսթ Բրոմվիչի» դեմ խաղին այնտեղ հայտնվելու համար։ Դա իրական հնարավորություն է։
Նշանակություն չունի՝ որքան այնտեղ կմնանք։ Կարևորն այն է, թե մենք մեզ ինչպես կզգանք այնտեղ։ Տեղի համար լուրջ պայքարը կձգվի մինչև մրցաշրջանի ավարտ, ու մենք գոհ կլինենք նրանով, որ հնարավորություն ունենք այդ տեղի համար պայքարելու։
Լավագույն քառյակում հայտնվելը մեր երազանքի իրականացումը կլինի․ մենք բավականաչափ մոտ ենք, բայց մրցաշրջանը երկար է»,-Անչելոտիի խոսքերն է փոխանցում «Էվերթոնի» պաշտոնական կայքը։