«Յուվենտուսի» ու «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մոտ է Իտալիայի առաջնություն վերադառնալուն։ Այս մասին հաղորդում է Calciomercato-ն։
Մասնագետը նախնական պայմանագիր է կնքել «Ռոմայի» հետ, որը նախատեսված է 2 կամ 3 տարով։ Նրա աշխատավարձը կկազմի տարեկան 4,5 մլն եվրո։ Նախնական պայմանավորվածությունն ուժի մեջ կմտնի մի պայմանով․ մրցաշրջանի ավարտին «Ռոման» պիտի հայտնվի Չեմպիոնների լիգայում։
Ալեգրիի հետ լիարժեք պայմանագիր կկնքվի, եթե «Ռոման» մյուս մրցաշրջանում ՉԼ խաղալու իրավունք ստանա։ Բացառված չէ, որ Ալեգրին հռոմեական թիմում հայտնվի 2020/2021 մրցաշրջանի ընթացքում, եթե «Ռոմայի» արդյունքները վատանան։
«Ռոման» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է․ 19 խաղ, 37 միավոր արդյունքով։ Վերջին 4 խաղում թիմը միայն մեկ հաղթանակ է տարել։