«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Մադրիդի «Ռեալը» գլխավորելու դեպքում ակումբի ղեկավարությունից կպահանջի պայմանագիր կնքել իր ներկայիս թիմի երկու ֆուտբոլիստի հետ։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։
Աղբյուրի համաձայն՝ իտալացի մասնագետը կխնդրի վերադարձնել կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, որը նախկինում երկար տարիներ պաշտպանել է «սերուցքայինների» գույները։ Խորվաթ ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգման հարցը միլանյան ակումբի հետ դեռևս հստակեցված չէ։ Ալեգրին 40-ամյա վետերանի մեջ տեսնում է այն առաջատարին, որը կկարողանա խաղադաշտում ճիշտ փոխանցել մարզչի մտահղացումներն ու գաղափարները։
Երկրորդ տրանսֆերային նպատակը կարող է դառնալ Ադրիեն Ռաբյոն։ Ֆրանսիացի կիսապաշտպանն առանցքային դեր ուներ Մասիմիլիանոյի գլխավորած «Յուվենտուսում», իսկ այժմ հանդիսանում է նաև «Միլանի» գլխավոր շարժիչ ուժերից մեկը։
Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ մադրիդյան ակումբը դիտարկում է 58-ամյա իտալացու թեկնածությունը՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո թիմի ղեկը նրան վստահելու համար։
Հավելենք, որ Լա լիգայի 26 տուրից հետո «Ռեալը» 60 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 4 միավորով։



























































