Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամփոփել է Իտալիայի առաջնության 17-րդ տուրի` «Սամպդորիայի» հետ խաղը (2:1), ինչպես նաև մեկնաբանել է իր հաղթական գոլը, որը խփել է 71 սմ ցատկելով: Գնդակին հարվածելու պահին պորտուգալացին գետնից 256 սմ բարձր է գտնվել.
«Գոհ եմ արդյունքից, բարդ խաղ էր: «Սամպդորիան» շատ լավ էր խաղում: «Յուվենտուսի» ֆուտբոլիստները գործին ճիշտ վերաբերմունք ցուցաբերեցին:
Ամբողջ ամիս ես ծնկի հետ կապված խնդիրներ եմ ունեցել: Հիմա ամեն ինչ անցյալում է, ես ֆիզիկապես ինձ լավ եմ զգում: Պարզապես ցանկանում եմ օգնել «Յուվենտուսին» հաղթել և տիտղոսներ նվաճել:
Գոլս լավ ստացվեց, ուրախ եմ, որ կարողացա օգնել թիմիս 3 միավոր վաստակել: Ես 71 սմ ցատկե՞լ եմ. չգիտեի»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն 14 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 10 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: