«Միլանի» նորեկ Սանդրո Տոնալին թույլտվություն է խնդրել «ռոսոներների» նախկին խաղացող Ջենարո Գատուզոյից, ով այժմ գլխավորում է «Նապոլին», վերցնել նրա խաղային համարը, որի ներքո վերջինս հանդես էր եկել միլանյան ակումբում, գրում է SkySports-ը:
Ըստ աղբյուրի՝ 20-ամյա կիսապաշտպանը տեսազանգի միջոցով նեապոլիտանացիների մարզչին հարցրել է. «Կարո՞ղ եմ վերցնել 8 համարի մարզաշապիկը»:
Ի պատասխան Գատուզոն ասել է. «Դու չպետք է ինձ այս հարցն ուղղեիր, բայց դա հիանալի ժեստ է, որովհետև ժամանակին ես էի Դոնադոնիից խնդրել այդ իրավունքը: Դու ինձնից շատ ավելի ուժեղ ֆուտբոլիստ կդառնաս»:
Հիշեցնենք, որ «Բրեշիայի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին վերջերս դարձել է «Միլանի» ֆուտբոլիստ։ «Ռոսոներիները» վարձակալել են 20-ամյա կիսապաշտպանին «Բրեշիայից»: Հաղորդվում էր, որ «Միլանը» 10 միլիոն եվրո կվճարի իտալացի ֆուտբոլիստի վարձակալության համար, հետագայում 20 միլիոն եվրոյով գնելու իրավունքով: