«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է իր թիմի պարտությունը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան խաղում.
«Ընդհանուր առմամբ, «Ռեալն» այս մրցաշրջանում շատ բարձր գնահատականի է արժանի: Վառանին կշտամբելու կարիք չկա: Մենք պարզապես կբարձրացնենք գլուխներս ու նորից կանցնենք աշխատանքի, ահա թե ինչ եմ ասել տղաներին: Մենք պետք է հպարտ լինենք նրանով, թե ինչի ենք հասել այս մրցաշրջանում: Այս խաղից հետո արդարացումներ փնտրելու ոչ մի պատճառ չկա: Մենք ներդրեցինք մեր ողջ ուժերը, բայց երբեմն խաղում ոչինչ չի ստացվում»,- Զիդանի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Նշենք՝ հանդիպման 9-րդ րոպեին հաշիվը բացել է Ռահիմ Սթերլինգը. Գաբրիել Ժեզուսը խլել է գնդակը Վառանից ու փոխանցում կատարել Սթերլինգին, որն էլ գնդակն ուղարկել է մադրիդցիների դարպասը: 28-րդ րոպեին Կարիմ Բենզեման հավասարեցրել է հաշիվը, սակայն երկրորդ կեսի միջնամասում Վառանը երկրորդ անգամ է սխալվել. երբ նա փորձել է գնդակը գլխով հասցեագրել դարպասապահին, Ժեզուսը խլել է այն ու ուղարկել Կուրտուայի պաշտպանած դարպասը:
Դիմակայության առաջին խաղը ևս ավարտվել էր «Մանչեսթեր Սիթիի»՝ 2-1 հաշվով հաղթանակով: Այսպիսով, անգլիական թիմը դուրս է եկել ՉԼ-ի քառորդ եզրափակիչ, իսկ մադրիդցիներն ավարտել են ելույթներն այս մրցաշարում: