Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Շիրակը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային»:
«Բավականին կազմակերպված, գրագետ ֆուտբոլ խաղացինք: Կարողացանք պաշտպանությունում գործել գրեթե անթերի, ու հարձակման ժամանակ՝ սուր, ագրեսիվ և արագ: Իմ կարծիքով, հաշիվը կարող էր ավելի խոշոր լինել՝ հաշվի առնելով Բակայոկոյի երկու գոլային պահերը, որոնք կարելի է հարյուրտոկոսանոց պահ համարել:
Ամեն դեպքում, կարողացանք հաղթել, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ «Շիրակին», երկրպագուներին, ֆուտբոլիստներին, Գյումրի քաղաքին», — հետխաղային մամուլի ասուլիսի ընթացքում ասել է «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:
Խոսելով գոլային պահերի մասին՝ մարզիչը նշել է.
«Միշտ չէ, որ այն, ինչ պլանավորում ենք, կարողանում ենք դաշտում իրագործել: Երևի ֆուտբոլը հետաքրքիր է հենց սրանով՝ անկանխատեսելի սպորտաձև է: Եթե մի փոքր հետ գնանք, վերցնելով հենց «Փյունիկի» հետ խաղը, ստեղծելով երևի 4-5 գոլային պահ՝ կարողացանք 3-ը օգտագործել: Այսօր ստեղծեցինք 3 իրական գոլային պահ, մեկը օգտագործեցինք: Նախորդ խաղերում կային կիսատ գոլային պահեր, չկարողացանք օգտագործել: Այսօր ոչ միայն մենք, բոլոր թիմերն էլ մեծ ուշադրություն են դարձնում գոլային պահերի իրացման վրա»:
Բիչախչյանը նաև տեղեկություններ է հաղորդել Հրայր Մկոյանի ապաքինման ժամկետների մասին.
«Ինչպես գիտեք՝ Հրայր Մկոյանը «Նոայի» հետ խաղին բավականին վատ վնասվածք ստացավ. ձգեց ազդրի հետևի մկանը: Այդ կարգի վնասվածքը ժամանակ է պահանջում: Իմ կարծիքով, եթե հրաշք տեղի չունենա, Մկոյանը կկարողանա խաղադաշտ վերադառնալ հավաքականի խաղերի հետ կապված դադարից հետո» (մոտ 1 ամսից՝ խմբ.):