Հայ անվանի մասնագետ Ռազմիկ Գրիգորյանն այսուհետ կգլխավորի «Արարատ-2»-ը, հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Այսօր ՖԱ «Արարատի» գործադիր տնօրեն Արթուր Նազարյանը և սպորտային տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանն ակումբին են ներկայացրել նորանշանակ գլխավոր մարզչին, որից հետո Գրիգորյանի գլխավորությամբ «Արարատ-2»-ն առաջին մարզումն է անցկացրել:
«Արարատ-2»-ի մարզչական շտաբում են ընդգրկվել ակումբի նախկին ֆուտբոլիստներ Ալեքսանդր Պետրոսյանը և Ռաֆայել Սաֆարյանը, իսկ դարպասապահների մարզիչն է Էդիկ Երիցյանը:
Ռազմիկ Գրիգորյանը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում երկար տարիներ պաշտպանել է «Արարատի» գույները, իսկ մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում, Վանաձորի «Լոռիում», «Արարատ-Արմենիայում», ինչպես նաև գլխավորել է «Դիլիջանը»:
Ակումբի ամբողջ անձնակազմը բարի գալուստ և հաղթանակներ է մաղթում պարոն Գրիգորյանին: