«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը ճանաչվել է անգլիական Պրեմիեր-լիգայի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն խաղացողը՝ ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի վարկածով: Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:
Մերսիսայդցիների ավագը քվեարկության արդյունքում շրջանցել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին Դե Բրույնեին և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին, ինչպես նաև իր մի քանի թիմակիցներին՝ դարպասապահ Ալիսոն Բեկերին, պաշտպաններ Վիրջիլ վան Դեյկին, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին և հարձակվող Սադիո Մանեին:
«Լիվերպուլն» ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով ժամանակից շուտ ապահովեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը: Սա մերսիսայդցիների առաջին չեմպիոնությունն էր 1990 թվականից ի վեր:
30-ամյա Հենդերսոնն առաջնության 30 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: