«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հաստատել է, որ հարձակվող Արկադիուշ Միլիկը, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից։ Այս մասին իտալացին պատմել է «Ջենոայի» դեմ տարած 2-1 հաշվով հաղթանակից հետո։
«Դժվար է Միլիկից լավ մեկին գտնելը։ Սակայն, երբ ֆուտբոլիստը կարծում է, որ ակումբում իր ժամանակն ավարտվել է ու ուզում է փոխել այն, պետք է լսես նրան։ Չես կարող ինչ-որ մեկին իր կամքին հակառակ պահել՝ ստիպելով լսել կամ մենթալիտետը փոխելով։ Պետք է հարգել ֆուտբոլիստի ցանկությունը»,- Գատուզոյի խոսքերն է փոխանցում Sky Sport-ը։
Միլիկը «Նապոլիում» հանդես է գալիս 2016 թվականից։ Այս մրցաշրջանում 26-ամյա հարձակվողը մասնակցել է Ա Սերիայի 21 խաղի ու խփել 10 գոլ։