Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը երկարաձգել է ազգային թիմի հետ պայմանագիրը։ Այս մասին հաղորդում է Բելգիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։
46-ամյա իսպանացու նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվական, ինչը թույլ է տալիս Մարտինեսին թիմը ղեկավարել Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը, եթե Բելգիան որակավորվի։
Մարտինեսը Բելգիայի հավաքականը մարզում է 2016 թվականից։ Նրա նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչև Եվրո-2020-ի ավարտ, որը տեղափոխվեց 2021 թվական։
ԱԱ-2018-ի ժամանակ իսպանացու գլխավորությամբ բելգիացիները բրոնզե մեդալ նվաճեցին։