Ֆուտբոլային մրցաշրջանը Իսպանիայում կվերսկսվի հունիսի 12-ից, այդ մասին ասել է Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը:
«Վերջնական ամսաթիվը պետք է հաստատեն առողջապահության ոլորտի պատասխանատուները: Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ սկսել և աշխատում ենք, որպեսզի ֆուտբոլը վերադառնա հունիսի 12-ին», — Տեբասի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Լա Լիգայի ղեկավարը նաև նշել է, որ բոլոր հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: Միևնույն ժամանակ, մայիսի 18-ից ակումբները կկարողանան վերսկսել խմբակային մարզումները, մինչ այդ մարզումներն անցնում էին բացառապես անհատական ռեժիմով:
«Եթե հետևում են անվտանգության բոլոր միջոցառումներին, մարզման ընթացքում վարակվելու հավանականությունը գործնականում վերացված է», — ասել է Տեբասը:
Ավելի վաղ առաջնության ղեկավարն արդեն անվանել էր հունիսի 12-ը որպես մրցաշրջանի վերսկսման մոտավոր ամսաթիվ, միաժամանակ պարզաբանելով, որ վիրուսի նոր ալիքի առկայության դեպքում ծրագրերը կփոխվեն: