Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 12-րդ տուրում «Լոռին» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Գանձասար-Կապանին»: Հանդիպումը կայացավ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում և ավարտվեց 2-1 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացվեց 18-րդ րոպեին, երբ տուգանայինի իրացումից շեշտակի հարվածով աչքի ընկավ Ռուսլան Զաերկոն: 23-րդ րոպեին «Գանձասար-Կապանը» հավասարեցրեց հաշիվը. Գևորգ Օհանյանի իրացրած անկյունայինից հետո աչքի ընկավ Արման Հովհաննիսյանը:
Առաջին խաղակեսում այլևս գոլեր չարձանագրվեցին և թիմերը ոչ-ոքի հաշվով գնացին ընդմիջման: Հանդիպման 2-րդ խաղակեսի մեկնարկը ուշացավ, և ինչպես պարզվեց ավելի ուշ՝ ընդմիջմանը բախում էր տեղի ունեցել երկու թիմերի միջև:
Երկրորդ խաղակեսում բավականին լարված, նյարդային խաղ էր ընթանում: 64-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում կոպիտ սխալ թույլ տվեց Արթուր Գրիգորյանը, ինչի համար Գրիգոր Մելիքսեթյանի պաշտպանած դարպասին 11-մետրանոց նշանակվեց: Հարվածն անվրեպ իրացրեց Ջոնել Դեսիրեն:
Հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին «Գանձասար-Կապանը» ամբողջ թիմով նետվել էր մրցակցի տուգանային հրապարակ, այնտեղ էր նույնիսկ Մելիքսեթյանը, սակայն պարտությունից խուսափել չհաջողվեց:
Այս հաղթանակից հետո «Լոռին» հավաքեց 21 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական: «Գանձասար-Կապանը» 10 միավորով մնում է 9-րդ հորիզոնականում: