Իսպանիայի Լա լիգայի խոշոր մեդիա և առևտրային պայմանագիրը չինական Migu սթրիմինգային ծառայության հետ հայտնվել է վաղաժամկետ խզման եզրին՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի շուրջ ծագած սկանդալի պատճառով։ Այս մասին հաղորդում է իսպանական Vozpópuli պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Իսպանիայի առաջնության ղեկավարությունը երկարաժամկետ պայմանագիր ունի Migu հարթակի հետ, որը գործելու է մինչև 2030 թվականը։ Համաձայնագրի պայմաններով՝ ասիական շուկայում հեռարձակումներից Լա լիգայի ակնկալվող ընդհանուր եկամուտը պետք է կազմեր տպավորիչ 400 միլիոն եվրո։
Այժմ, սակայն, խոշոր և շահավետ գործարքը հարցականի տակ է հայտնվել չինական մեդիատիրույթում աստղային ֆուտբոլիստի զանգվածային բոյկոտի և «չեղարկման» պատճառով, ինչը հրահրվել էր նրա վերջին անզգույշ արտահայտություններից։ Հիշեցնենք, որ Մբապեն հայտարարել էր, որ իր սիրելի մեմն այն պատկերն է, որտեղ ինքը ներկայացված է «չինացի բռնապետի»՝ Մաո Ցզեդունի կերպարում։
Չինացի գործընկերներն այս միջադեպը խիստ բացասաբար են ընդունել և այժմ լրջորեն դիտարկում են ֆինանսական վճարումները սառեցնելու կամ համաձայնագրից ամբողջությամբ դուրս գալու տարբերակը, ինչը Իսպանիայի առաջնության ղեկավարությանը կանգնեցնում է վիթխարի ֆինանսական կորուստներ կրելու վտանգի առաջ։
























































