Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ստեփան Դեմիրճյանը ՀՖՖ TV-ին տված հարցազրույցում մանրամասնել է ազգային թիմ դարպասապահներ հրավիրելու սկզբունքները, խոսել ժամանակակից ֆուտբոլի պահանջների և հավաքականի գլխավոր նպատակների մասին։
Առաջիկա հավաքին ազգային թիմ են հրավիրվել Օգնյեն Չանչարևիչը, Արսեն Բեգլարյանը, Գոռ Մատինյանը և Ալեքսանդր Միշիևը։
Ստեփան Դեմիրճյանի խոսքով՝ մարզչական շտաբի համար անկյունաքարային նշանակություն ունեն ֆուտբոլիստների մարդկային որակներն ու պահեստայինների նստարանին իրենց դրսևորելու կերպը։
«Քանի որ խաղադաշտում լինում է միայն մեկ դարպասապահ, նրանցից շատերը ժամանակ ստանալու քիչ շանսեր ունեն։ Մեզ համար շատ կարևոր է նրանց դրական աջակցությունը թիմին, երբ չեն խաղում։ Եթե նկատում ենք ինչ-որ բացասական երևույթներ, ապա միանգամից հրաժարվում ենք նմանատիպ ֆուտբոլիստներից»,- նշել է մարզիչը։
Խոսելով ընտրության չափանիշների մասին՝ Դեմիրճյանն ընդգծել է․
«Կարևորագույն նախապայմանն այն է, որ մենք հրավիրում ենք իրենց ակումբների առաջին համարներին։ Մենք ունենք ծրագիր, ըստ որի փորձում ենք թիմում ունենալ երկու երիտասարդ և երկու փորձառու դարպասապահ՝ մտածելով և՛ ներկայի, և՛ ապագայի մասին»։
Անդրադառնալով ԲԿՄԱ-ի դարպասապահ Արման Ներսիսյանին, որն այս անգամ բացակայում է հայտացուցակից, մարզիչը պարզաբանել է, որ պատճառը խաղային պրակտիկայի պակասն է․
«Արման Ներսիսյանի խաղը տպավորիչ էր մեզ համար։ Կուզեինք նրան տեսնել «Փյունիկի» դեմ խաղում, սակայն նա հնարավորություն չստացավ։ Միգուցե, եթե խաղար, այսօր նա ևս հրավիրված լիներ»։
Ժամանակակից ֆուտբոլում, ըստ մասնագետի, ամեն ինչ որոշում է արագությունը․
«Միայն բարձրահասակ լինելն այլևս բավարար չէ։ Եթե դարպասապահը չունի արագություն՝ արագ մտածելու, շարժվելու և արձագանքելու ունակություն, նա մեզ հետաքրքիր չէ։ Մեր բոլոր դարպասապահներն օժտված են այդ հատկանիշներով»։
Հաշվի առնելով, որ Հայաստանի հավաքականը հաճախ է մրցում բարձրակարգ թիմերի և խաղացողների դեմ, դարպասապահների առջև դրված նշաձողը բարձրացել է։
«Մենք պետք է փոխհատուցենք մեր կորուստները տարբեր եղանակներով, որոնցից մեկն այն է, որ դարպասապահը ոչ միայն պետք է գնդակ բռնի ու դարպասն անառիկ պահի, այլև իրական փրկություններ անի։ Այս ճգնաժամային իրավիճակներից մեզ միայն դա կարող է հանել։
Հավաքականի առաջին համարը կլինի այն դարպասապահը, ով կօգնի մեզ հայտնվել Եվրոպայի կամ Աշխարհի առաջնությունում։ Թարմ օրինակ է Կաբո Վերդեի հավաքականի դարպասապահը, որն Իսպանիայի պես գերհզոր թիմի դեմ խաղում 18 սուպեր-սեյվ արեց ու օգնեց իր թիմին մտնել փլեյ-օֆֆ։ Եթե ուզում ես լինել Հայաստանի հավաքականի առաջին դարպասապահը, պետք է օգնես միայն արդյունքով։ Չկա արդյունք՝ գնում ենք փոփոխության»,- եզրափակել է Ստեփան Դեմիրճյանը։
Նա նաև հավելել է, որ ազգային թիմի դարպասապահներից երեքի ակումբային մարզիչները հայ մասնագետներ են, ովքեր վերջերս ստացել են «A» կարգի լիցենզիա, և նրանց հետ հիանալի համագործակցության շնորհիվ նկատելի է ֆուտբոլիստների լուրջ պրոգրես։
























































