Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Լատվիայի ընտրանուն և հաղթեց 2-0 հաշվով։ Հանդիպման մանրամասները՝ այստեղ։
Անգլիայի Պրեմիեր լիգայում նախորդ մրցաշրջանում հանդես եկած Դենիս Ցիրկինսը Լատվիայի հավաքականի կազմում իր նորամուտից հետո չի թաքցրել Հայաստանի դեմ խաղի արդյունքից հիասթափությունը, սակայն ընդգծել է թիմի ներուժն ու այն իրացնելու ցանկությունը։
«Այսօր պարտվեցինք, սակայն ինձ համար կարևոր էր ներգրավվել խաղում և զգալ թիմը, դրա դինամիկան։ Հուսով եմ՝ այս հիմքի վրա կկարողանանք ավելի մեծ բան կառուցել»,- LTV7-ին տված հետխաղային հարցազրույցում ասել է Իռլանդիայում ծնված պաշտպանը։
Ցիրկինսը նորամուտի խաղում անցկացրել է ամբողջ հանդիպումը՝ այն սկսելով ձախ կենտրոնական պաշտպանի դիրքում, սակայն ընթացքում գործելով նաև եզրում և կիսապաշտպանության գծում։ Ֆուտբոլիստի խոսքով՝ դիրքի փոփոխությունն իր համար սովորական չէր, սակայն բավականին ծանոթ էր, ուստի դժվարություններ չի առաջացրել։
«Կարծում եմ՝ մենք կարող էինք ավելի մեծ ճնշում գործադրել նրանց վրա։ Մենք չափազանց շատ հարգեցինք Հայաստանին, չափազանց զգուշավոր էինք, թեև բավական լավ թիմ ունենք։ Երկրորդ խաղակեսում սկսեցինք մի փոքր ավելի ակտիվ խաղալ, սակայն իմ թույլ տված սխալից հետո երկրորդ բաց թողած գոլը եղավ»,- նշել է ֆուտբոլիստը։
Հայաստանի, Լատվիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականներն ընդգրկված են 2-րդ խմբում։ Հիշեցնենք` Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 28-ին կընդունի Չեռնոգորիայի հավաքականին, որից հետո արտագնա հանդիպումներ կանցկացնի Կիպրոսի ու Չեռնոգորիայի ընտրանիների հետ։
























































