Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Ժերոմ Ռոտենը հայտարարել է, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի խաղացողները տարակուսանքով են ընդունել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի վերջին հայտարարություններն այն մասին, թե ինչ շանսեր ունի նա արժանանալու «Ոսկե գնդակին»։
«Այն զգացողությունները, որ ունեինք աշխարհի առաջնության ժամանակ, այսօր ավելի ակնհայտ են դարձել։ Շատ խաղացողների նյարդայնացրել է Կիլիանի պահվածքն ու հայտարարությունները, սա է իրականությունը։ Նա հավաքականում շատերին վանել է իրենից։ Աշխարհի առաջնությունն անցավ այնպես, ինչպես անցավ, ուստի տրամաբանական է, որ երբ դառնում ես լավագույն ռմբարկու և օրինակելի վարք ես դրսևորում, ինչպես Կիլիանի դեպքում էր Մունդիալում, դա որոշ չափով մեղմում է թիմի ներսում եղած քննադատությունը։ Բայց նմանատիպ հայտարարությունները կարող են միայն վնասել նրան»,- Ռոտենի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Նախկին ֆուտբոլիստը նաև նշել է, որ ազգային ընտրանու ներսում, կարծես, երկու տարբեր ճամբարներ են ձևավորվել.
«Ինձ պատմում են, որ Ֆրանսիայի հավաքականի շատ խաղացողներ կրկին չեն հասկանում նրա արած հայտարարությունները, և նրանք ավելի շատ Ուսման Դեմբելեի, քան Մբապեի կողմնակիցն են։ Թեև սա միևնույն թիմն է, բայց, ըստ երևույթին, հիմա երկու ճամբար գոյություն ունի։ Ուսմանը, ով շատ ավելի է համախմբում թիմը, քան Կիլիանը, հաճախ հանդես է գալիս որպես բուֆեր ֆրանսիական հավաքականի որոշ խաղացողների միջև։
Ես մեծ հաճույքով կհետևեի Ուսմանի և Կիլիանի ձեռքսեղմմանը միջազգային հանդիպումների համար նախատեսված հաջորդ դադարի ժամանակ։ Կարծում եմ՝ պատերը մի փոքր կդողան»,- հավելել է Ռոտենը։
Հիշեցնենք, որ նախորդ տարի «Ոսկե գնդակը» բաժին էր հասել Ուսման Դեմբելեին։

























































