Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի ԲԿՄԱ-ի 20-ամյա եզրային կիսապաշտպան Նարեկ Հովհաննիսյանը կարիերան կշարունակի Լեհաստանում։ Այս մասին հայտնում է Գդանսկի «Լեխիայի» մամուլի ծառայությունը։
Հայ ֆուտբոլիստն ու լեհական ակումբը կնքել են երկարաժամկետ պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2031 թվականի հունիսի 30-ը։
«Լեխիայի» պաշտոնական կայքը հիշեցնում է, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանում Հովհաննիսյանն անցկացրել է 26 հանդիպում և դարձել 8 գոլի հեղինակ։
20-ամյա կիսապաշտպանն արդեն հասցրել է նորամուտը նշել Հայաստանի ազգային հավաքականում, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 2 հանդիպում։
Նախկինում նա պարբերաբար հանդես է եկել երկրի տարբեր տարիքային հավաքականներում։
«Բարի գալուստ Գդանսկ, Նարեկ։ Քեզ հաջողություն ենք մաղթում սպիտակականաչների կազմում»,- գրված է ակումբի տարածած հայտարարության մեջ։





























































