Football Meets Data վերլուծական հարթակի մասնագետները գործարկել են սուպերհամակարգիչն ու հաշվարկել թիմերի՝ 2026/27 մրցաշրջանի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում հաղթելու թարմացված հնարավորությունները։
Ըստ հաշվարկների՝ եվրոպական հեղինակավոր մրցաշարում հաղթելու ամենաբարձր շանսերն ունի ֆրանսիական ՊՍԺ-ն։ Փարիզյան ակումբի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 13 տոկոս, ինչը նրանց հնարավորություն է տալիս երրորդ տարին անընդմեջ նվաճել չեմպիոնական տիտղոսը։
Երկրորդ տեղում Մյունխենի «Բավարիան» է՝ 10.5 տոկոս հավանականությամբ։ Լավագույն եռյակը եզրափակում է կատալոնական «Բարսելոնան», որի շանսերը գնահատվում են 10.3 տոկոս։ Նույնքան՝ 10.3 տոկոս հավանականություն ունի նաև Լոնդոնի «Արսենալը»։
Լավագույն տասնյակում ընդգրկված մյուս ակումբների հաղթանակի շանսերը բաշխվել են հետևյալ կերպ․
- Մադրիդի «Ռեալ» — 9.5 տոկոս
- «Մանչեսթեր Սիթի» — 8.3 տոկոս
- «Լիվերպուլ» — 6.4 տոկոս
- «Մանչեսթեր Յունայթեդ» — 4.4 տոկոս
- Մադրիդի «Ատլետիկո» — 2.9 տոկոս
- Միլանի «Ինտեր» — 2.9 տոկոս
Լավագույն տասնյակից դուրս գտնվող թիմերից համեմատաբար բարձր ցուցանիշներ ունեն «Նապոլին» (2.4 տոկոս), Դորտմունդի «Բորուսիան» (2.2 տոկոս), «Լայպցիգը» (1.8 տոկոս), «Ասթոն Վիլան» (1.8 տոկոս), «Ռոման» (1.8 տոկոս), «Վիլյառեալը» (1.7 տոկոս), «Կոմոն» (1.6 տոկոս) և «Բետիսը» (1.4 տոկոս)։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլը մեկնարկում է սեպտեմբերի 8-ին և կտևի մինչև 2027 թվականի հունվարի 27-ը։ Առաջին տուրի հանդիպումները բաշխված են երեք օրերի վրա՝ սեպտեմբերի 8 (երեքշաբթի), սեպտեմբերի 9 (չորեքշաբթի) և սեպտեմբերի 10 (հինգշաբթի)։
























































