Football Meets Data վերլուծական հարթակը մանրամասն տվյալներ է հրապարակել ՈւԵՖԱ-ի մրցաշարերում ակումբների ապահոված պարգևավճարների վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ, 54 երկրների 237 ակումբների (ներառյալ որակավորման փուլերը) համար արդեն իսկ երաշխավորվել է 2,217 միլիարդ եվրո մրցանակային ֆոնդ։
Ուշագրավ է Հայաստանի ցուցանիշը. ըստ հրապարակված գրաֆիկական վերլուծության՝ եվրագավաթներին մասնակցած հայկական 4 ակումբները միասին արդեն ապահովել են ընդհանուր 7,6 միլիոն եվրոյի երաշխավորված եկամուտ։
Այս գումարի զգալի մասը բաժին է ընկնում Եվրոպա լիգայում հանդես եկող «Արարատ-Արմենիային», որի երաշխավորված նվազագույն շահույթը կազմում է 5,3 միլիոն եվրո։ Նույն մրցաշարում, համեմատության համար, ֆրանսիական «Օլիմպիկ Լիոնն» ունի 18,3 միլիոն եվրոյի երաշխիք։
Վերլուծության մեջ առանձնացվել է հետաքրքիր վիճակագրություն՝ կապված Ամստերդամի «Այաքսի» ֆինանսական ցուցանիշների հետ։ Հոլանդական գրանդը Կոնֆերենցիաների լիգայի ամենաշատ եկամուտ ապահոված ակումբն է՝ 6,7 միլիոն եվրո (նույն մրցաշարում լիտվական «Կաունո Ժալգիրիսը» վաստակել է 4 միլիոն եվրո)։ Սակայն, չնայած սրան, «Այաքսի» ապահոված նվազագույն գումարն ավելի քիչ է, քան Չեմպիոնների լիգայի բոլոր 36 թիմերինը և Եվրոպա լիգայի 36 թիմերից 31-ինը։
Եվրոպա լիգայում կա միայն 5 ակումբ, որոնց երաշխավորված եկամուտը պակաս է «Այաքսի» ցուցանիշից.
- «Լիլեստրյոմ»
- «Օմոնիա»
- ՕՖԻ Կրետե
- «Տորենսե»
- «Արարատ-Արմենիա»
Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգային, ապա այստեղ առաջատարներից ՊՍԺ-ն ապահովել է տպավորիչ 64 միլիոն եվրո, իսկ ադրբեջանական «Սաբահը»՝ 20,2 միլիոն եվրո։




























































