Ռումինական Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախկին նախագահ Դումիտրու Դրագոմիրը խիստ քննադատության է ենթարկել ռումինական ակումբներին այն բանից հետո, երբ «Ունիվերսիտատյա Կրայովան» Եվրոպա լիգայի փլեյ օֆֆ փուլի շրջանակում դրամատիկ պայքարում զիջեց «Արարատ-Արմենիային» և դուրս մնաց մրցաշարից։
«Անկեղծ ասած՝ սպասում էի նման ելքի։ Եթե մենք արժանի լինեինք, կանցնեինք հաջորդ փուլ, ամեն ինչ շատ պարզ է: Ռումինական ֆուտբոլը, ինչպես և մեր հասարակությունը, խորը ճգնաժամի մեջ է։
Մենք ամբողջ աշխարհի ծաղրանքի առարկան ենք դարձել։ Ընդամենը մեկ հարված դարպասին, այն էլ 98-րդ րոպեին՝ 11-մետրանոցի՞ց… Ուղղակի ողբալի է։ «Կրայովան» շատ թույլ թիմ է», — Fanatik-ի հետ զրույցում նշել է Դրագոմիրը։
Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոնը հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց մրցավարի կողմից ավելացված ժամանակում՝ խաղի 90+8-րդ րոպեին իրացնելով նշանակված 11-մետրանոց հարվածը:
Հավելենք, որ «Կրայովան» միակ ռումինական թիմն է, որն այս աշնանը ապահովել է առնվազն վեց եվրագավաթային հանդիպում:
























































