Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլում «Արարատ-Արմենիայից» կրած դրամատիկ պարտությունից հետո ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» գլխավոր մարզիչ Ֆիլիպե Կոելյոյի ապագան հարցականի տակ է հայտնվել։
Ռումինական ֆուտբոլի և ակումբի լեգենդները խիստ քննադատության են ենթարկել պորտուգալացի մասնագետին:
Ակումբի նախկին աստղ Ջիկա Կրայովեանուն մեղադրել է Կոելյոյին վճռորոշ խաղում ցուցաբերած չափազանց զգուշավոր ու վախկոտ տակտիկայի համար.
«Ամենայն հարգանքով հանդերձ՝ մրցակիցը շատ համեստ էր։ Ինչպե՞ս կարելի է շարունակել խաղալ երեք կենտրոնական պաշտպանով այն դեպքում, երբ նրանք գոլային պահեր չունեն և գործում են միայն մեկ հարձակվողով։ Ես սա չեմ հասկանում»։
Ռումինական Gazeta Sporturilor-ի հաղորդմամբ՝ չնայած ակումբի ղեկավարության ու սեփականատեր Միհայ Ռոտարուի ահռելի հիասթափությանը, մարզչի անհապաղ հեռացում այս պահին չի նախատեսվում։ Տնօրենների խորհրդում որոշել են տաք գլխով վճիռներ չկայացնել և վերլուծել իրավիճակը առաջիկա օրերին։ Եթե, այնուամենայնիվ, որոշում կայացվի հրաժեշտ տալ Կոելյոյին, որը թիմին երեք տիտղոս էր պարգևել, ապա գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուն 48-ամյա Էդվարդ Յորդանեսկուն է։
Ինքը՝ Ֆիլիպե Կոելյոն, խաղից հետո նշել է, որ իրեն մեղավոր չի համարում և գոհ է թիմի խաղից.
«Մենք լավ հանդիպում անցկացրինք, վերահսկում էինք խաղը, ստեղծեցինք պահեր, իսկ մրցակցին թույլ չտվեցինք նույնն անել։ Խնդիրն այն էր, որ մենք արդյունավետ չէինք։ Բարդ է ընդունել, երբ դու ավելի լավն ես, չես օգտագործում քո պահերը, իսկ մրցակիցը գոլ է խփում 11-մետրանոցով»։
Հիշեցնենք, որ Երևանում կայացած պատասխան խաղում (առաջին հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով) «Արարատ-Արմենիան» հաղթանակ կորզեց 90+8-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ՝ ռումինական ակումբին ուղարկելով Կոնֆերենցիաների լիգա, իսկ ինքը նվաճեց Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի պատմական ուղեգիր։
























































