Եվրոպա լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի անցումային փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային» և նվազագույն՝ 1-0 հաշվով դրամատիկ հաղթանակ կորզեց։
Երկու խաղերի արդյունքում հաղթելով 2-1 հաշվով՝ «Արարատ-Արմենիան» նվաճեց Եվրոպա լիգայի լիգայի փուլի ուղեգիր։
Խաղից հետո իր կարծիքն է հայտնել մրցակցի ավագ Բանկուն․
«Վերջնամասում մեր թույլ տված սխալը մեզ թանկ նստեց։ Պոպիկան (դարպասապահ Լաուրենցիու Պոպեսկուն) երկու անգամ հետ մղեց հարվածը, բայց գնդակը նորից հայտնվեց նրա (մրցակցի) մոտ։ Սա միայն մեզ հետ պատահող անհաջողություն է։
Մեր մեղքն է, որ չվճռեցինք խաղի ելքը: Մի շարք առիթներ ունեցանք։ Իմ մեղքն է, առաջին խաղակեսում ես վրիպեցի: Բոլորս էլ շատ վրիպեցինք։ Նրանք ոչ մի պահ չունեին և գոլ խփեցին այս 11-մետրանոցից։
Կարծում եմ՝ Նսիմբայի դրվագում մենք նույնպես 11-մետրանոցի իրավունք ունեինք, բայց չցանկացան նշանակել։ Ի վերջո, անցյալ տարի էլ նույնը պատահեց «ԱԵԿ Աթենքի» հետ, բայց մենք երեք տիտղոս նվաճեցինք։ Պետք է մտածենք, որ այս տարի այն ամենը, ինչում մինչ այժմ անհաջողություն ենք ունեցել, հետ կշրջվի, և մենք հաջողություն կունենանք Կոնֆերենցիաների լիգայում։
Եթե չես գոլ խփում, դժվար է հաղթել։ Անուշադրությունը հանգեցրեց 11-մետրանոցի։ Դարձյալ՝ շատ վրիպեցինք։ Կրկին անուշադրությունը բերեց 11-մետրանոցի և կրկին պարտվեցինք։ Եթե հաշիվը դարձնեինք 2:0, նրանք կարող էին նույնիսկ գոլ խփել, բայց մենք կորակավորվեինք: Դժվար է որակավորվել, երբ այդքան պահեր ունես ու չես իրացնում։
Միանշանակ է, որ բոլորը հուսահատված են։ Հնարավոր չէ ուրախ լինել այս արդյունքից հետո։ Ճիշտ է, մենք որակավորվել ենք Կոնֆերենցիաների լիգայում, ինչը շատ լավ է։
Ոչ մեկին չենք մեղադրում, մենք խոսել ենք միմյանց հետ, և ժողովի ժամանակ մոտիվացնող ուղերձ հնչեց: Սա շատ ծանր պահ է»,- հայտարարել է Նիկուշոր Բանկուն VOYO SPORT 1-ի եթերում:
Այսպիսով, «Արարատ-Արմենիան» ոչ միայն պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի եվարագավաթային մրցաշարի լիգայի փուլին, այլ նաև առաջին հայկական ակումբն է, որը կմասնակցի Եվրոպա լիգայի հիմնական փուլին։
























































