ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի փլեյ օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի ռումինական «Ունիվերսիտատյա Կրայովային»։
Մրցակցի գլխավոր մարզիչ Ֆիլիպե Կոելյուն պատասխանել է լրագրողների հարցերին և նշել, որ նրանք պատրաստ են առաջիկա խաղին։
«Ուրախ ենք այստեղ գտնվելու համար. դա նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհին ենք, և միայն մեծ թիմերն են հասնում եվրագավաթների այս փուլ։ Գիտակցում ենք, որ բախվելու ենք ուժեղ մրցակցի, որը խաղում է տանը, բայց ես իսկապես հավատում եմ, որ մենք կարող ենք դուրս գալ Եվրոպա լիգայի հիմնական փուլ։
Մենք պետք է ավելի լավ հանդես գանք, քան մեր մրցակիցը։ Վերլուծել ենք նախորդ խաղը, վստահաբար կլինեն ռազմավարական փոփոխություններ։ Խաղը լինելու է հավասար, և վաղը երեկոյան տարբերությունը կարող են ստեղծել դետալներն ու կենտրոնացվածությունը։ Մեզ համար սա ակումբի պատմությունը կերտելու հիանալի հնարավորություն է։
Ինչ վերաբերում է կադրային խնդիրներին՝ ես այն մարզիչներից եմ, ովքեր սիրում են լուծումներ գտնել, ոչ թե կենտրոնանալ խնդիրների վրա։ Վստահ եմ՝ այն տղաները, ովքեր դուրս կգան խաղադաշտ, կպայքարեն ու կապահովեն որակավորումը»,- նշել է 45-ամյա պորտուգալացի մասնագետը։
Մրցող թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1: Հանդիպումը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 27-ին, 20:00-ին։


























































