Հայաստանի Գավաթի խաղարկության 2026/27 մրցաշրջանի նախնական փուլի շրջանակում Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոնում (ՄԶՀՀԿ) կայացավ «Միկա» — «Բենտոնիտ» հանդիպումը, որն աչքի ընկավ անհավանական լարվածությամբ ու դրամատիզմով։
Խաղը բավականին ակտիվ սկսեցին տանտերերը։ Արդեն 9-րդ րոպեին Աբդերահման Մեկաուրին բացեց հաշիվը: 25-րդ րոպեին «Միկան» կրկնապատկեց իր առավելությունը․ Ահմեդ Ջինդոյանի հարվածից հետո իջևանյան ակումբի դարպասապահը հետ մղեց գնդակը, սակայն վրա հասած Հովհաննես Հովսեփյանը գրավեց դարպասը: 39-րդ րոպեին տանտերերի դարպասապահ Սևակ Ասլանյանը չկարողացավ կասեցնել իրեն հասցեագրված գնդակը, ինչի արդյունքում գրանցվեց ինքնագոլ՝ հույս արթնացնելով հյուրերի մոտ:
Հիմնական ժամանակի վերջնամասում՝ 90+4-րդ րոպեին, իջևանյան թիմը կարողացավ փրկել խաղը. նշանակված 11-մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Սամվել Մանուկյանը, և հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ (2-2):
Լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով։ Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսի 3-րդ րոպեին Ահմեդ Ջինդոյանը կրկին առաջ մղեց «Միկային», սակայն 115-րդ րոպեին Արմեն Սաղաթելյանը վերականգնեց հավասարությունը՝ 3-3:
Հաղթողին պարզելու համար պահանջվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար։ Նյարդերի այս պայքարում ավելի դիպուկ գտնվեցին տանտերերը՝ հաղթելով 4-3 հաշվով:
Այս ծանր ու դրամատիկ դիմակայության արդյունքում «Միկան» նվաճեց Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի ուղեգիր։
Հանդիպման տեսագրությունը՝ ստորև․



























































