Թուրքական «Բեշիքթաշի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է սերբ հարձակվող Դուշան Վլահովիչի տրանսֆերի մասին։ 26-ամյա ֆուտբոլիստն արդեն ժամանել է Թուրքիա՝ նոր ակումբի մարզաշապիկով։
Սերբ ռմբարկուն ստամբուլյան ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակում, քանի որ հունիսի 30-ին ավարտվել էր նրա գործող պայմանագիրը Թուրինի «Յուվենտուսի» հետ։ Ըստ շրջանառվող լուրերի՝ կողմերը համաձայնեցրել են եռամյա պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։
Վլահովիչի աշխատավարձը կկազմի տարեկան 8 միլիոն եվրո՝ առանց բոնուսային վճարների։ Բացի այդ, հարձակվողը տպավորիչ հավելավճար կստանա պայմանագիրը կնքելու համար։
Նշվում է նաև, որ «Բեշիքթաշում» Վլահովիչը կվերամիավորվի գլխավոր մարզիչ Վինչենցո Իտալիանոյի հետ։ Նրանք նախկինում հաջողությամբ համագործակցել են իտալական «Ֆիորենտինայում»։
Dusan Vlahovic, ilk üçlüsünü çektirdi.pic.twitter.com/3ZttKdUD8F
— Deportes Reports (@DeportesReports) August 12, 2026
Հիշեցնենք, որ Վլահովիչը «Յուվենտուսի» գույները պաշտպանում էր 2022 թվականի հունվարից։ Թուրինյան ակումբի կազմում նա ընդհանուր առմամբ անցկացրել է 168 հանդիպում՝ դառնալով 68 գոլի հեղինակ։ Ավարտված 2025/2026 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով 10 գոլ և 2 գոլային փոխանցում։
Transfermarkt հեղինակավոր պորտալի գնահատականներով՝ սերբ հարձակվողի տրանսֆերային արժեքը ներկայումս կազմում է 35 միլիոն եվրո։




























































