Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) չի նախատեսում պատժամիջոցներ կիրառել Արգենտինայի ազգային հավաքականի նկատմամբ հուլիսի 15-ին կայացած Աշխարհի 2026 թվականի առաջնության կիսաեզրափակիչում Անգլիայի նկատմամբ տարած հաղթանակից (2-1) հետո գրանցված սկանդալային միջադեպի համար։
Հավաքականի հաղթանակը տոնելիս «ալբիսելեստեի» մի քանի ֆուտբոլիստներ պարզել էին պաստառ, որի վրա գրված էր, թե Մալվինյան կղզիները պատկանում են Արգենտինային, ինչը համարվում է կանոնակարգի խախտում։
ՖԻՖԱ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ անկախ կարգապահական կոմիտեն ուսումնասիրում է հանդիպումների վերաբերյալ բոլոր զեկույցները, սակայն նախքան թիմերին կանոնակարգը խախտելու համար պատժելը հաշվի է առնում համապատասխան հանգամանքները։ Ֆեդերացիան հաստատել է, որ նման քաղաքական ուղերձն ակնհայտորեն հակասում է կազմակերպության կանոններին, սակայն մոտ ժամանակներս Արգենտինայի հավաքականը չի ենթարկվի պատժամիջոցների։
Ֆոլկլենդյան կամ Մալվինյան կղզիները վիճելի տարածք են, որին հավակնում են Բուենոս Այրեսն ու Լոնդոնը, և որի շուրջ վեճերը ժամանակին վերաճել են պատերազմի։ Երկրների միջև զինված հակամարտությունը տևել է 1982 թվականի ապրիլի 2-ից մինչև հունիսի 14-ը։
Աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչում Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը կմրցի Իսպանիայի հավաքականի հետ, որը կիսաեզրափակիչում 2-0 հաշվով առավելության է հասել Ֆրանսիայի նկատմամբ։ Մրցաշարի վճռորոշ հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին։
























































