Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտը» Ղազախստանում կհյուրընկալվի «Ելիմային»։ Հայկական թիմի հետ վճռորոշ դիմակայությունից առաջ մրցակցի ֆուտբոլիստ Ժան-Ալի Պայռուզը կիսվել է սպասելիքներով՝ հատկանշելով երևանյան թիմի որակներն ու բարդ մթնոլորտը, որը սպասվում է հյուրերին։
Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի առաջնությունը դեռ չի մեկնարկել, հայկական ակումբը կարողացել է զարմացնել մրցակցին իր խաղամակարդակով։ Պայռուզի խոսքով՝ «Ալաշկերտը» առաջին դիմակայությունում շատ լավ տպավորություն է թողել։
««Ալաշկերտը» լավ, երիտասարդ ու դինամիկ թիմ է։ Գիտեմ, որ նրանց մրցաշրջանը դեռ չի սկսվել, բայց առաջին խաղում նրանք շատ լավ տեսք ունեին։ Մենք ամբողջությամբ նախապատրաստվել ենք նրանց դեմ խաղին, վերլուծել ենք սխալներն ու հետևություններ արել», — նշել է ղազախ ֆուտբոլիստը։
Այնուամենայնիվ, «Ալաշկերտին» Ղազախստանում իսկական փորձություն է սպասվում նաև տրիբունաների ճնշման տեսանկյունից։ Տեղի երկրպագուների համար սա պատմական իրադարձություն է. Սեմեյ քաղաքն առաջին անգամ է եվրագավաթային հանդիպում ընդունելու։ Ըստ Պայռուզի՝ ամբողջ քաղաքն ու ակումբի ղեկավարությունը անհամբերությամբ են սպասում այս հանդիպմանը և պատրաստ են խաղադաշտում ներդնել իրենց ուժերի 200 տոկոսը՝ հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար։
Հիշեցնենք, որ Հայաստանում կայացած առաջին խաղում գրանցվել էր մարտական 1:1 հաշիվը։ Պատասխան հանդիպումը կկայանա վաղը և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին։



























































