Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն մեկնաբանել է իր թիմի՝ աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալը։ Մրցաշարի կիսաեզրափակիչում իսպանացիները 2-0 հաշվով հաղթել են Ֆրանսիայի ընտրանուն։
«Դժվար է այս զգացողությունը փոխանցել բառերով, բայց սա մաքուր ուրախություն է։ Խաղացողների այս խումբը բացառիկ է։ Ցանկանում ենք շարունակել նույն ոգով, հասնել ավելի լավ արդյունքների։ Մեզ մնացել է ընդամենը մեկ քայլ, կփորձենք հասնել դրված նպատակին։ Շատ էմոցիոնալ լարվածություն էր կուտակվել։ Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալը պատասխանատվություն և արտոնություն է։ Պետք է գիտակցել կատարվածը, իմաստավորել այս ուղին, որը մենք սկսել ենք չորս տարի առաջ այն գաղափարով, որը մեզ բերեց այստեղ։
Հանդերձարանում տղաներին ասացի, որ պետք է մրցենք աշխարհի լավագույն հավաքականներից մեկի հետ, բայց նրանք կհանդիպեն աշխարհի լավագույն ընտրանուն։ Մենք միասնական ամբողջություն ենք, թիմ, որն իսկապես արժանի է այս հաջողությանն իր նվիրվածության և տաղանդի շնորհիվ։ Սրան հետևելն իսկական հաճույք է։ Նրանք անում են այնպես, որ բարդ բաները պարզ են թվում։ Հպարտ եմ նրանցով, ես երջանիկ եմ»,- դե լա Ֆուենտեի խոսքերը մեջբերում է L’Équipe պարբերականը։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչում Իսպանիայի ազգային հավաքականը կմրցի Անգլիա — Արգենտինա զույգի հաղթողի դեմ։
























































