Շվեդիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչն իրեն բնորոշ ոճով մեկնաբանել է ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչի Անգլիա — Նորվեգիա (2:1) հանդիպման ժամանակ Ջուդ Բելինգհեմի խփած վիճահարույց գոլը։
Սկանդալային դրվագը գրանցվել էր այն բանից հետո, երբ նորվեգացիների դարպասապահ Էրյան Նյուլանդի հարվածից հետո գնդակը դիպել էր սարդ-տեսախցիկի մալուխին և հայտնվել անգլիացիների կիսապաշտպան Էլիոթ Անդերսոնի մոտ, ինչից անմիջապես հետո Թոմաս Տուխելի սաները գոլային գրոհ էին կազմակերպել:
Հանդիպումից հետո Նորվեգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ստոլե Սոլբակենը խիստ դժգոհություն էր հայտնել այն փաստից, որ հանդիպման գլխավոր մրցավար Կլեման Տյուրպենը նշված դրվագում չէր կանգնեցրել խաղը։
Այս միջադեպին անդրադարձել է Զլատան Իբրահիմովիչը, ով առիթը բաց չի թողել հեգնելու անգլիացի վինգեր Նոնի Մադուեկեին։ Metro-ն, հղում անելով Fox Sports-ին, մեջբերում է շվեդ լեգենդի խոսքերը.
«Եթե գնդակը դիպել է մալուխին, ուրեմն դիպել է։ Բայց նույնիսկ եթե այն դիպել է մալուխին, ապա այդ մալուխն իրեն ավելի լավ դրսևորեց ու ավելի լավ խաղաց, քան Մադուեկեն»։
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով առավելության էր հասել Նորվեգիայի նկատմամբ և դուրս եկել ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հետ։


























































