Մադրիդի «Ռեալն» ու բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը պաշտոնապես հանդիպում են նշանակել՝ ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգման գործընթացը վերջնականապես ավարտին հասցնելու նպատակով։
Ինչպես հաղորդում է AS պարբերականը, կողմերը պայմանավորվել են բանակցությունները վարել հուլիսի վերջին՝ Աշխարհի առաջնության ավարտից և արձակուրդներից անմիջապես հետո։ Գլխավոր նպատակն է հարցը փակել մինչև նախամրցաշրջանային պատրաստության մեկնարկը։
Նախկինում շրջանառվող լուրերը, թե բրազիլացին կարող է հեռանալ Կիլիան Մբապեի հետ ունեցած լարված հարաբերությունների պատճառով, այլևս արդիական չեն։ Վինիսիուսն անձամբ է հայտնել ակումբի նախագահին և ղեկավարության մյուս անդամներին, որ ցանկանում է մնալ թիմում ու բաց է նոր պայմանագրի ստորագրման համար։ Իր հերթին, ակումբի ղեկավարությունը նույնպես վճռական է տրամադրված շարունակելու համագործակցությունը:
Նոր համաձայնագրով ակնկալվում է, որ Վինիսիուսը հանդես կգա արդեն որպես Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմի երկրորդ ավագ։ Ըստ աղբյուրի՝ այս որոշումը, ինչպես և Օրելիեն Չուամենիի պայմանագրի երկարաձգումը, ակումբի ընդհանուր ռազմավարության մի մասն է՝ անկախ պորտուգալացի մասնագետի ժամանումից:
Վերջին շփումներից հետո Վինիսիուսի ապագայի շուրջ առկա անհանգստությունն իր տեղը զիջել է լիարժեք վստահությանը։ «Արքայական» ակումբում հույս ունեն, որ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում կողմերը վերջնական հայտարարի կգան, և բրազիլացին նոր մրցաշրջանը կսկսի թարմացված պայմանագրով։
Հիշեցնենք, որ Վինիսիուս Ժունիորը «Ռեալի» համակարգում է 2018 թվականից։ Նախորդ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 53 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 14 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Transfermarkt հեղինակավոր պորտալի համաձայն՝ հարձակվողի շուկայական արժեքը գնահատվում է 140 միլիոն եվրո, իսկ նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
























































