Ժամանակին Մադրիդի «Ռեալում» հանդես եկած հայտնի ֆուտբոլիստ Կլոդ Մակելելեն կիսվել է «արքայական» ակումբի կենտրոնական կիսապաշտպան Օրելիեն Չուամենիի վերաբերյալ իր կարծիքով։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն առաջիկա մրցաշրջանում մեծ հույսեր է կապում ֆրանսիացի կիսապաշտպանի հետ։ Այդ կապակցությամբ մադրիդյան ակումբի ղեկավարությունը մտադիր է երկարաձգել Չուամենիի հետ գործող պայմանագրի ժամկետը և բարձրացնել նրա աշխատավարձը։
«Նա միակ կայուն խաղացողն էր սկզբից մինչև վերջ։ Մոուրինյուն հիմար չէ, նա լավ մարզիչ է։ Նա գիտի, որ Լա լիգայում հաղթելու համար իրեն ուժեղ թիմ է պետք։ Նա այնպիսի խաղացող է, ում ես երբեք բաց չէի թողնի թիմից»,- Մակելելեի խոսքերը մեջբերում է DAZN-ը։
Ավարտված ակումբային մրցաշրջանում Ֆրանսիայի ազգային հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է ընդհանուր առմամբ 49 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

























































