Նորվեգիայի ազգային հավաքականի հարձակվող Էրլինգ Հալանդը դժգոհություն է հայտնել ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչի Ֆրանսիա — Մարոկկո (2:0) հանդիպման մրցավարական անձնակազմի աշխատանքից։
Խաղի ամենաառանցքային ու քննարկվող դրվագներից մեկը Կիլիան Մբապեի նկատմամբ Նուսաիր Մազրաուիի թույլ տված խախտումն էր, որից հետո մարոկկացիների դարպասին 11-մետրանոց նշանակվեց։ Արգենտինացի գլխավոր մրցավար Ֆակունդո Տելյոն նախ ցույց տվեց նշանակետը, սակայն այնուհետև ավելի քան երեք րոպե սպասեց VAR համակարգի ստուգման ավարտին՝ նոր միայն թույլատրելով իրացնել հարվածը:
Բազմաթիվ երկրպագուների և փորձագետների կարծիքով՝ այս տևական դադարը բացասաբար անդրադարձավ Մբապեի հոգեբանական վիճակի վրա: Արդյունքում Ֆրանսիայի հավաքականի ավագը չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոցը. նրա հարվածը փայլուն ցատկով հետ մղեց Մարոկկոյի հավաքականի դարպասապահ Յասին Բունուն:
Հանդիպումից հետո Հալանդը սոցիալական ցանցերի իր էջերում հրապարակել է հեռուստաէկրանի լուսանկարը խաղի հեռարձակումից և քննադատել մրցավարի գործողությունները.
«Սպասել հինգ րոպե՝ 11-մետրանոց հարված իրացնելու համար. սա արդեն չափազանց է», — գրել է նորվեգացի հարձակվողը:
Ավելի վաղ ինքը՝ Մբապեն, ևս խոստովանել էր, որ VAR-ի երկարատև ստուգումն իրեն հունից հանել է: Ֆրանսիացու խոսքով՝ ինքը կորցրել է կենտրոնացումը, քանի որ մրցավարը նախ հաստատել է 11-մետրանոցը, իսկ հետո հասկացրել, որ որոշումը դեռ կարող է փոփոխվել և վերանայվել:
























































