Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ:
Անգլիական ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ 43-ամյա իսպանացի մասնագետի հետ կնքվել է եռամյա պայմանագիր՝ մինչև 2029 թվականի ամառ: Այս պաշտոնում նա փոխարինել է Մարկու Սիլվային, որը հրաժարվել էր երկարաձգել պայմանագիրը և տեղափոխվել է Լիսաբոնի «Բենֆիկա»:
«Ինձ համար մեծ պատիվ է նոր փուլ սկսել Լոնդոնի ամենահին ակումբում։ Ես մեծ պատասխանատվություն եմ զգում և անչափ շնորհակալ եմ ղեկավարությանը՝ Պրեմիեր լիգայում ինձ «Ֆուլհեմը» վստահելու համար: Անհամբերությամբ սպասում եմ «Քրեյվեն Քոթեջի» մթնոլորտը զգալուն և թիմի հետ հաջորդ շաբաթ նախամրցաշրջանային պատրաստությունը սկսելուն։ Վստահ եմ, որ մեզ անհավանական համատեղ ճամփորդություն է սպասվում»,- նշել է Արբելոան։
Հիշեցնենք, որ Արբելոան անցած մրցաշրջանի երկրորդ հատվածում էր գլխավորել «Ռեալը»՝ հունվարին այդ պաշտոնում փոխարինելով Խաբի Ալոնսոյին։ Նրա գլխավորությամբ մադրիդցիները Լա լիգայում գրավեցին երկրորդ տեղը՝ չեմպիոնական մրցավազքում զիջելով «Բարսելոնային», ինչից հետո մարզիչը հեռացավ զբաղեցրած պաշտոնից։ Նախքան հիմնական թիմը, նա մարզում էր Մադրիդի երիտասարդական կազմերն ու «Կաստիլիան»:
Հատկանշական է, որ Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի հենց առաջին տուրում կկայանա նախկինում մադրիդյան ակումբը գլխավորած երկու մասնագետների դիմակայությունը։ Օգոստոսի 24-ին «Ֆուլհեմը» կընդունի «Չելսիին», որն էլ վերջերս գլխավորել է Խաբի Ալոնսոն: Երկու մարզիչների համար էլ սա նորամուտի հանդիպում կլինի Անգլիայի առաջնությունում:
«Ալվարոն շատ հավակնոտ է: Նա արժեքավոր փորձ է կուտակել՝ աշխատելով լավագույն խաղացողների ու ակումբների հետ, յուրացրել է ժամանակակից ֆուտբոլի մեթոդները, և այդ գիտելիքներն անպայման օգուտ կբերեն մեզ»,- իր հերթին ընդգծել է լոնդոնյան ակումբի նախագահ Շահիդ Խանը:
Նշենք, որ Արբելոան Պրեմիեր լիգայում որպես ֆուտբոլիստ հանդես գալու փորձ ունի՝ 2007-ից 2009 թվականներին պաշտպանելով «Լիվերպուլի» գույները: Նախորդ մրցաշրջանի արդյունքներով «Ֆուլհեմը» ԱՊԼ-ում գրավել էր 11-րդ տեղը:




























































