Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորն ԱԱ-2026-ի խմբային փուլի երրորդ տուրում Շոտլանդիայի դեմ տարած հաղթանակից (3-0) հետո հայտարարել է, որ կատարել է գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին տված խոստումը և այժմ սպասում է իր նվերին։
C խմբի շրջանակներում կայացած հանդիպումն ավարտվել է բրազիլացիների վստահ հաղթանակով: Վինիսիուսն այս խաղում դուբլ է ձևակերպել, ընդ որում՝ իր երկրորդ գոլը նա մրցակցի դարպասն է ուղարկել գլխի հարվածով:
«Ինձ անձնական վիճակագրությունը չի հուզում. ինձ համար կարևորն այն է, թե արդյոք անում եմ հնարավոր ամեն ինչ հավաքականին օգնելու համար: Բայց ես գոհ եմ իմ գոլերից: Անգամ գլխով գոլ խփեցի. դա խոստացել էի մարզչին: Նա ասել էր, որ դա գրեթե անհնար է, և որ ինձ նվեր կտա, եթե կարողանամ դա անել: Ինչևէ, կսպասենք: Ամենակարևորը հաղթանակներն են և մեր խաղի բարելավումը: Մենք պետք է շարունակենք կատարելագործվել հաջորդ նպատակին հասնելու համար, քանի որ առջևում փլեյ-օֆֆն է»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում ESPN Brasil-ը:
Նշենք, որ 25-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշարում արդեն 4 գոլի հեղինակ է դարձել՝ աչքի ընկնելով խմբային փուլի բոլոր երեք հանդիպումներում: Լավագույն ռմբարկուների մրցավազքում Վինիսիուսը երկրորդ հորիզոնականը կիսում է ֆրանսիացի Կիլիան Մբապեի և նորվեգացի Էրլինգ Հոլանդի հետ, իսկ ցուցակը գլխավորում է արգենտինացի Լիոնել Մեսին (5 գոլ):
Շոտլանդիայի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ Բրազիլիայի հավաքականը վաստակել է 7 միավոր և, խմբում զբաղեցնելով առաջին տեղը, դուրս է եկել աշխարհի 2026 թվականի առաջնության փլեյ-օֆֆ:
























































