ԱԱ-2026-ի խմբային փուլի 2-րդ տուրի Ֆրանսիա — Իրաք հանդիպման երկրորդ խաղակեսի մեկնարկը հետաձգվել է առնվազն 15 րոպեով։ Պատճառն ԱՄՆ-ում գրանցված անբարենպաստ եղանակային պայմաններն են։
ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքի «Լինքոլն Ֆայնենշել Ֆիլդ» մարզադաշտում ընթացող խաղի առաջին խաղակեսի վերջնամասում հորդառատ անձրև է սկսվել։
/i/i/b/178216542723179630.png)
Ընդմիջմանը հայտարարվել է ամպրոպի վտանգ, ինչի պատճառով, նահանգի օրենքների և անվտանգության կանոնակարգի համաձայն, ֆուտբոլիստների վերադարձը խաղադաշտ հետաձգվել է։ Նշենք նաև, որ մինչև խաղի մեկնարկը հանդիպումը վտանգված էր չեղարկման՝ նույն եղանակային պատճառներով: Հանդիպման գլխավոր մրցավարն է կանադացի Դրյու Ֆիշերը։
/i/f/s/17821654391934443046.png)
Այս պահին հաշիվը 1:0 է՝ հօգուտ ֆրանսիացիների։ Միակ գոլը հանդիպման 14-րդ րոպեին հեղինակել է թիմի ավագ Կիլիան Մբապեն՝ Մայքլ Օլիսեի փոխանցումից հետո: 27-ամյա հարձակվողը տուգանային հրապարակի սահմաններից դուրս ձախ ոտքի դիպուկ հարվածով գնդակն ուղարկել է իրաքցիների դարպասի ձախ անկյունը:
Հիշեցնենք, որ I խմբի մեկնարկային տուրում Ֆրանսիան 3:1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Սենեգալի նկատմամբ, իսկ Իրաքը 1:4 հաշվով զիջել էր Նորվեգիային։ Երրորդ տուրում Ֆրանսիան հունիսի 27-ին կմրցի Նորվեգիայի, իսկ Իրաքը հունիսի 26-ին՝ Սենեգալի հետ։
Աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլն անցկացվում է հունիսի 11-ից 27-ը. թիմերը խաղում են շրջանաձև համակարգով՝ անցկացնելով երեքական հանդիպում։ Փլեյ-օֆֆ դուրս կգան յուրաքանչյուր խմբի լավագույն երկու հավաքականները, ինչպես նաև երրորդ տեղը զբաղեցրած ութ լավագույն թիմերը։
























































