Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է ձեռք բերել «Նյուքասլի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիին և «Նոթինգհեմ Ֆորեսթի» խաղացող Էլիոթ Անդերսոնին։ Այս մասին հայտնում է The Athletic պարբերականը։
«Քաղաքայիններն» արդեն տևական ժամանակ բանակցություններ են վարում Անդերսոնի տրանսֆերի շուրջ, սակայն այժմ, ինչպես պնդում է աղբյուրը, ցանկանում են իրենց շարքերում տեսնել նաև Տոնալիին։ Ներկա պահին իտալացի կիսապաշտպանի տրանսֆերին ամենամոտը Լոնդոնի «Տոտենհեմն» է, սակայն «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է միջամտել և խափանել այդ գործարքը։
Հաղորդվում է, որ Տոնալիի և Անդերսոնի տրանսֆերների համար մանչեսթերյան ակումբը կարող է ծախսել մոտ 311 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում Սանդրո Տոնալին բոլոր մրցաշարերում մասնակցել է 53 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ինչ վերաբերում է Էլիոթ Անդերսոնին, ապա նա դաշտ է դուրս եկել 50 անգամ՝ իր ակտիվում գրանցելով 4 գոլ և 5 արդյունավետ փոխանցում։




























































