Անգլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը կիսվել է իր կարծիքով այն մասին, թե որ ընտրանին կդառնա 2026 թվականի Աշխարհի առաջնության հաղթողը։
Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ մրցաշարն անցկացվում է 48 թիմերի մասնակցությամբ՝ ԱՄՆ-ի, Մեքսիկայի և Կանադայի 16 քաղաքներում։
Ամերիկայում կայանալիք մունդիալի և գլխավոր ֆավորիտների մասին հարցին Բեքհեմը պատասխանել է․
«ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում Աշխարհի առաջնության անցկացումը շատ գրավիչ է։ Հիմա ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծ է, քան երբևէ, և այն շարունակում է աճել։ Հուսով եմ, որ ԱՄՆ-ն լավ առաջնություն կանցկացնի թե՛ որպես հավաքական, թե՛ որպես ընդունող երկիր։
Ինչ վերաբերում է հաղթողին, ապա ես, իհարկե, կնշեի Անգլիային, բայց նաև կարծում եմ, որ Ֆրանսիան անհավանական ուժեղ թիմ ունի։ Չմոռանանք Իսպանիային, Բրազիլիային, և, իհարկե, երբեք չի կարելի հաշվից հանել աշխարհի գործող չեմպիոն Արգենտինային։
Նրանք այս մրցաշարին կմոտենան հսկայական սպասելիքներով։ Իսկ այդ հավաքականների կազմերում կան այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Լամին Յամալը, Կիլիան Մբապեն, Լեո Մեսսին և Նեյմարը։ Այս ամենն էլ ավելի է մեծացնում աժիոտաժը մունդիալի շուրջ»,- Բեքհեմի խոսքերն է մեջբերում Variety-ն։
























































