Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագ Կիլիան Մբապեն ԱԱ-2026-ին ընդառաջ ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ ֆուտբոլասերներն ու փորձագետներն ըստ արժանվույն չեն գնահատում ֆուտբոլիստների նախկին նվաճումները:
Ֆրանսիացի հարձակվողի կարծիքով՝ մարդիկ կարող են մոռանալ ամեն ինչ փառահեղ հաղթանակից անգամ մեկ օր անց։
«Ֆուտբոլում մարդիկ շատ են տառապում ամնեզիայով (հիշողության կորստով): Դու կարող ես հաղթել ամեն ինչ, իսկ հաջորդ օրը… Նրանք արդեն կմոռանան այդ մասին։ Հեռավոր անցյալի հաջողությունների մասին այժմ ընդհանրապես ոչ ոք չի հիշում։ Ահա թե ինչու մենք միշտ ապացուցելու բան ունենք, նույնիսկ այն խաղացողները, ովքեր արդեն նվաճել են հնարավոր ամեն ինչ»,- Մբապեի խոսքերն է մեջբերում AS պարբերականը՝ հղում անելով Sorare YouTube-յան ալիքին։
Հիշեցնենք, որ 2018 թվականին Կիլիան Մբապեն օգնեց Ֆրանսիայի հավաքականին նվաճել Աշխարհի չեմպիոնի տիտղոսը Ռուսաստանում կայացած Մունդիալում, իսկ ԱԱ-2022-ում դարձավ մրցաշարի արծաթե մեդալակիր և լավագույն ռմբարկու: Այնուամենայնիվ, ակումբային մակարդակում Չեմպիոնների լիգայի բաղձալի գավաթը հարձակվողին առայժմ այդպես էլ չի ենթարկվել:
























































