Լոնդոնի «Չելսին» բաց չի թողել հնարավորությունը՝ ծաղրելու «Արսենալին» Չեմպիոնների լիգայի եզրափակչում կրած պարտությունից հետո։ «Ազնվականները» ֆուտբոլասերներին հրավիրել են իրենց ակումբային թանգարան՝ հիշեցնելով Լոնդոնում իրենց բացառիկ կարգավիճակի մասին։
Միկել Արտետայի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի վճռորոշ խաղում զիջել է ֆրանսիական ՊՍԺ-ին։ Սա «Արսենալի» երկրորդ անհաջողությունն էր եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարի եզրափակիչներում. նախկինում՝ 2006 թվականին, «զինագործները» զիջել էին կատալոնական «Բարսելոնային»։
Այսպիսով, «Չելսին» շարունակում է մնալ Լոնդոնը ներկայացնող միակ ակումբը, որին հաջողվել է նվաճել Չեմպիոնների լիգայի բաղձալի գավաթը: «Կապույտներն» այս մրցաշարում հաղթողի կոչումը նվաճել են երկու անգամ՝ 2012 և 2021 թվականներին:
«Արսենալի» պարտությունից անմիջապես հետո «Չելսիի» սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում հրապարակվել է ակումբի թանգարան այցելելու հրավեր, որտեղ ցուցադրված է եվրոպական ակումբային ֆուտբոլի գլխավոր մրցանակը։
«Եկեք լոնդոնյան Գավաթների տուն: Հենց հիմա ամրագրեք էքսկուրսիա «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Գրառումն ուղեկցվել է Չեմպիոնների լիգայում և Աշխարհի ակումբային առաջնությունում «Չելսիի» նվաճած գավաթների լուսանկարներով՝ ևս մեկ անգամ ընդգծելով ակումբի պատմական հաջողությունները և մրցակցի անհաջողությունը:
Come and visit London’s Home of Trophies. 🏆
Book your Stadium Tour at Stamford Bridge now. ⭐️⭐️
— Chelsea FC (@ChelseaFC) May 30, 2026




























































