ՊՍԺ-ի երկրպագուները զանգվածային անկարգություններ են հրահրել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում և այլ քաղաքներում՝ նշելով իրենց թիմի հաղթանակը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում:
Շաբաթ օրը Բուդապեշտում կայացած դրամատիկ եզրափակիչում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է լոնդոնյան «Արսենալին»՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը երկրորդ տարին անընդմեջ: Սակայն ֆուտբոլային տոնը Ֆրանսիայում վերածվել է իսկական քաոսի։
Ֆրանսիական պարբերականների փոխանցմամբ՝ ոստիկանության և երկրպագուների միջև բախումները սկսվել են խաղի զուգահեռ: Մոտ 150 հոգի փորձել է ճեղքել-անցնել ՊՍԺ-ի տնային «Պարկ դե Պրենս» մարզադաշտ, որտեղ հեռարձակվում էր հանդիպումը:
Բախումների ժամանակ ֆանատները հրավառության նյութեր են նետել իրավապահների ուղղությամբ, ինչի հետևանքով ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել: Արդյունքում առգրավվել են տասնյակ պիրոտեխնիկական միջոցներ, իսկ խաղի ընթացքում արդեն իսկ ձերբակալվել էր 20 մարդ:
ՊՍԺ-ի հաղթանակից րոպեներ անց իրավիճակը կտրուկ սրվել է։ Ամենալարված մթնոլորտը տիրել է Լե-Ալ թաղամասում և Ելիսեյան դաշտերում, որտեղ հատուկջոկատայինները ստիպված են եղել գործողություններ սկսել ագրեսիվ ամբոխը ցրելու ուղղությամբ։
Փարիզի 16-րդ թաղամասում երկրպագուները ջարդուփշուր են արել տեղի հացի փուռն ու ռեստորաններից մեկը: «Պարկ դե Պրենսի» հարակից տարածքում իրավապահները շրջափակման մեջ են վերցրել մոտ 1000 երկրպագուի՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար։
Բախումների արդյունքում վնասվածքներ է ստացել առնվազն մեկ ոստիկան։
Ինչպես հայտնում է RMC Sport-ը՝ հղում անելով ֆրանսիական ոստիկանությանը, անկարգությունների մասշտաբներն աննախադեպ են եղել: Ժամը 23:30-ի դրությամբ ողջ Ֆրանսիայում բերման է ենթարկվել 326 անձ, որոնցից 235-ը՝ անմիջապես Փարիզում: Ձերբակալվածներից շատերը կալանավորվել են հետագա դատավարական գործընթացների համար:




























































