«Պարի Սեն-Ժերմենին» հանդիսավորությամբ հանձնվել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի գավաթը։ Մրցաշարի դրամատիկ եզրափակիչում փարիզեցիները կոտրեցին Լոնդոնի «Արսենալի» դիմադրությունը։
Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ ահա հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի երկաթյա նյարդեր ունեին ՊՍԺ-ի ֆուտբոլիստները, որոնք հաղթեցին 4:3 հաշվով։
Չեմպիոնների լիգայի գլխավոր հանդիպումը կայացավ Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։ Որպես գլխավոր մրցավար հանդես եկավ գերմանացի Դանիել Զիբերտը։
Հիշեցնենք, որ եզրափակիչ տանող ճանապարհին՝ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում, փարիզյան ակումբը երկու խաղերի ընդհանուր՝ 6:5 հաշվով, ծանրագույն պայքարում հաղթահարել էր Մյունխենի «Բավարիայի» արգելքը։
Ուշագրավ է, որ Ֆրանսիայի չեմպիոնը պաշտպանեց տիտղոսը։ Նախորդ՝ 2024/2025 մրցաշրջանում ևս ՊՍԺ-ն հաղթել էր Չեմպիոնների լիգայում՝ վճռորոշ խաղում 5:0 հաշվով քարը քարի վրա չթողնելով Միլանի «Ինտերին»։





























































