Ի պատասխան Խուլիան Ալվարեսի՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին բազմաթիվ շշուկներին, Մադրիդի «Ատլետիկոն» նախ սոցցանցերում մի քանի ծաղրական հրապարակումներ է արել՝ իբրև թե տրանսֆերային առաջարկներ ներկայացնելով Լամին Յամալի, Պեդրիի և Ռաֆինյայի համար: Սակայն դրան անմիջապես հաջորդել է մադրիդյան ակումբի արդեն խիստ և լուրջ հայտարարությունը:
«Ատլետիկոն» կոշտ քննադատության է ենթարկել «Բարսելոնային»՝ ընդհուպ հիշատակելով աղմկահարույց «Նեգրեյրայի գործը»:
««Ատլետիկոն» երբեք նման բան չէր անի: Սակայն վերջին ամիսներին մենք ենթարկվում ենք մեր ֆուտբոլիստներից մեկին սևացնելու անընդմեջ արշավի: Մտածված արտահոսքեր, կեղծ լուրեր, մշտական անհարգալից վերաբերմունք, փոքրիկ պատմություններ հորինող քարոզչական մեքենայի կատալոնական տարբերակ, հեռախոսազանգեր անմիջական հանդիպումներից առաջ… Բայց, իհարկե, մեր մտքով անգամ չէր անցնի աշխատավարձ վճարել մրցավարական կոմիտեի փոխնախագահին կամ ֆուտբոլիստներ գրանցելու համար ապավինել քաղաքական կապերին: Հարգանք և արժեքներ»,- ասված է ակումբի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ «Նեգրեյրայի գործը» վերաբերում է «Բարսելոնային» առաջադրված մեղադրանքներին՝ Իսպանիայի մրցավարների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային տարիներ շարունակ խոշոր գումարներ վճարելու համար: Կատալոնական ակումբն արդարանում էր, որ վճարել է ոչ թե կողմնակալ մրցավարության, այլ զուտ մրցավարական հաշվետվությունների և խորհրդատվության համար:
























































