Բրիտանական BBC հեռարձակող կորպորացիան ամփոփել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի արդյունքները՝ ներկայացնելով լավագույն ֆուտբոլիստին, մարզչին, տարվա հայտնությանն ու խորհրդանշական հավաքականը:
ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լոնդոնի «Արսենալի» անգլիացի կիսապաշտպան Դեկլան Ռայսը: Ավարտված մրցաշրջանում նա մասնակցել է ԱՊԼ-ի 36 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ներկայումս ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 120 մլն եվրո (ըստ Transfermarkt-ի):
Քվեարկության արդյունքում երկրորդ տեղն զբաղեցրել է «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը, որն ասիստների քանակով նոր ռեկորդ է սահմանել, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Բրենթֆորդի» հարձակվող Իգոր Տիագոն (22 գոլ):

Լավագույն մարզչի մրցանակին արժանացել է «Արսենալը» գլխավորող Միկել Արտետան, որը լոնդոնյան թիմի ղեկին է 2019 թվականի դեկտեմբերից։ Նրա գլխավորությամբ «զինագործները» 22 տարվա դադարից հետո հռչակվեցին Անգլիայի չեմպիոն՝ 38 տուրում վաստակելով 85 միավոր և 7 միավորով գերազանցելով մոտակա հետապնդողին՝ «Մանչեսթեր Սիթիին»:
Մրցանակի համար պայքարում էին նաև Անդոնի Իրաոլան («Բորնմութ»), Կիտ Էնդրյուսը («Բրենթֆորդ») և Ռեժիս Լե Բրիսը («Սանդերլենդ»):

Մրցաշրջանի «Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի պաշտպան Նիկո Օ՛Ռայլին։ Ընթացիկ մրցաշրջանում նա ԱՊԼ-ում անցկացրել է 34 հանդիպում՝ աչքի ընկնելով 5 գոլով և 3 ասիստով: Նրան հաջորդել են «Բորնմութի» ֆրանսիացի հարձակվող Էլի Կրուպին և «Արսենալից» Մաքս Դոումենը:

ԱՊԼ-ի 2025/2026 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը՝ ըստ BBC-ի.
- Դարպասապահ. Դավիդ Ռայա («Արսենալ»):
- Պաշտպաններ. Վիլյամ Սալիբա, Գաբրիել Մագալյաես, Յուրիեն Թիմբեր (բոլորը՝ «Արսենալ»), Նիկո Օ՛Ռայլի («Մանչեսթեր Սիթի»):
- Կիսապաշտպաններ. Դեկլան Ռայս («Արսենալ»), Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»), Էլիոթ Անդերսոն («Նոթինգհեմ Ֆորեսթ»):
- Հարձակվողներ. Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի»), Անտուան Սեմենյո («Բորնմութ» / «Մանչեսթեր Սիթի»), Իգոր Տիագո («Բրենթֆորդ»):
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ




























































