Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն մեկնաբանել է թիմակից Օրելյեն Չուամենիի հետ ունեցած կոնֆլիկտը, ինչպես նաև կիսվել առաջիկա Աշխարհի առաջնությունից ունեցած սպասելիքներով: Այս մասին հայտնում է Madrid Universal-ը:
27-ամյա ֆուտբոլիստն արդեն ժամանել է Ուրուգվայի ազգային հավաքականի ճամբար՝ նախապատրաստվելու գլխավոր ֆուտբոլային ստուգատեսին։
«Ինձ հիանալի եմ զգում։ Ես ստացել եմ «Ռեալի» բոլոր երկրպագուների, ինչպես նաև անձամբ ակումբի աջակցությունն ու սերը։ Երբեմն ֆուտբոլում և կյանքում ստիպված ես լինում անցնել նման փորձությունների միջով՝ սովորելու, աճելու և ավելի հասուն մարդ դառնալու համար»,- նշել է Վալվերդեն:
Չնայած վերջին իրադարձությունների շուրջ բարձրացած աղմուկին՝ ուրուգվայցին ընդգծել է, որ այժմ լիովին կենտրոնացած է Աշխարհի առաջնությունում իր երկրի հավաքականին օգնելու վրա.
«Ես միշտ երազում եմ բարձրացնել այդ գավաթը։ Դա այն է, ինչն ամենաշատն ես ցանկանում, ինչի մասին երազում ես մանկուց՝ խաղալ հավաքականում և հաղթել Աշխարհի առաջնությունում»:
Վալվերդեն հիշել է նաև 2010 թվականին Հարավային Աֆրիկայում կայացած Մունդիալը, որտեղ Ուրուգվայի հավաքականը հասավ մինչև կիսաեզրափակիչ և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
«Մենք մեծացել ենք այդ պատկերներով և շատ կցանկանայինք կրկնել նման մի բան, որպեսզի Ուրուգվայը կրկին հպարտանա մեզնով»,- հավելել է ֆուտբոլիստը։
Աշխարհի առաջնության խմբային փուլում Ուրուգվայի ազգային հավաքականը կմրցի Իսպանիայի, Սաուդյան Արաբիայի և Կաբո-Վերդեի ընտրանիների հետ:
























































