Լոնդոնի «Չելսիի» և Միլանի «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բարձր է գնահատել Մարկո Մատերացիի և Ջոն Թերիի խաղային որակները՝ նրանց համարելով լավագույն պաշտպանները իր մարզչական պրակտիկայում։
«Իմ ողջ կարիերայի ընթացքում, որի ժամանակ ես մարզել եմ այդ սերնդի լավագույն ֆուտբոլիստներին, երկու լավագույն կենտրոնական պաշտպանները, որոնց հետ ինձ վիճակվել է աշխատել, եղել են Ջոն Թերին ու Մարկո Մատերացին»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Football-Italia-ն։
Հիշեցնենք, որ «Յուրահատուկը» 2010 թվականին «Ինտերի» ղեկին նվաճեց պատմական թրեբլ՝ հաղթելով Չեմպիոնների լիգայում, Իտալիայի առաջնությունում (Սկուդետո) և երկրի գավաթում։ Այդ աստղային թիմի առանցքային խաղացողներից մեկն էլ հենց իտալացի պաշտպան Մատերացին էր։
Ինչ վերաբերում է Ջոն Թերիին, ապա նրա հետ Մոուրինյուի համատեղ աշխատանքը կապված է «Չելսիի» հետ։ Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը պորտուգալացի մարզչի գլխավորությամբ անցկացրել է 267 հանդիպում՝ դառնալով 26 գոլի և 11 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Նշենք նաև, որ իտալացի պաշտպանը պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2014 թվականին, իսկ անգլիացին՝ 2018-ին։



























































