Միլանի «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի հավանական տեղափոխությունը «Բարսելոնա» ձախողվել է, քանի որ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հավանություն չի տվել 27-ամյա ֆուտբոլիստի թեկնածությանը։ Այս մասին հայտնում է Sport.es-ը՝ հղում անելով լրագրող Մատեո Մորետոյին։
Աղբյուրի համաձայն՝ գերմանացի մասնագետը կասկածում է, որ Բաստոնիի տեխնիկական հատկանիշները թույլ կտան նրան լիարժեքորեն խաղալ բարձր ինտենսիվությամբ և ուժեղ պրեսինգի պայմաններում։ Այդ պատճառով ակումբի մարզական տնօրեն Դեկուն սկսել է այլ տարբերակներ ուսումնասիրել։ Նշվում է, որ Բաստոնիի տրանսֆերը կարող էր արժենալ 50-60 մլն եվրո։
Որպես իտալացուն այլընտրանք՝ «Բարսելոնան» այժմ դիտարկում է Լեհաստանի հավաքականի և պորտուգալական «Պորտուի» կենտրոնական պաշտպան Յակուբ Կիվիորի տարբերակը: Կատալոնացիները նրան համարում են ֆինանսապես շատ ավելի մատչելի և հարմար թեկնածու, թեև կողմերի միջև դեռևս տրանսֆերային պաշտոնական բանակցություններ չեն մեկնարկել:
Նշենք, որ Կիվիորը վարձավճարով է հանդես գալիս «Պորտուում». նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Արսենալին», սակայն պորտուգալական ակումբն ունի պարտադիր գնման իրավունք:
Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ըստ Transfermarkt պորտալի՝ լեհ ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատվում է 27 մլն եվրո։


























































